Կարմրամորթ առաջնորդի փրկագինը

0

Posted by davitkhahramanyan | Posted in Մայրենի | Posted on 28.11.2023

Առաջին մաս  

Մտահղացումը հոյակապ էր թվում։ Բայց սպասեք, ես հիմա ամեն ինչ կպատմեմ սկզբից։ Մենք գտնվում էինք հարավում՝ Ալաբամա նահանգում՝ Բիլլ Դրիսկոլը և ես։ Հենց այստեղ էլ մեր մեջ հղացավ երեխա փախցնելու միտքը։ Դա պատահեց, ինչպես հետագայում Բիլլն արտահայտվեց, «ժամանակավոր խելացնորության պահին», բայց այդ բանը մենք շատ ավելի ուշ հասկացանք։

Այնտեղ մի փոքրիկ քաղաք կար, հարթ ու տափակ, ինչպես պաստեղը, որն, անտարակույս, կոչվում էր «Երկնաքեր»։ Այդ քաղաքում ապրում էին անմեղ ռամիկներ և այնպես գոհ էին ամեն ինչից, կարծես միշտ համախմբված լինեին մայիսյան սյան շուրջը։

Ես ու Բիլլը վեց հարյուր դոլար միացյալ կապիտալ ունեինք, և մեզ պարզապես հարկավոր էր ևս երկու հազար դոլար, որպեսզի գլուխ բերեինք Արևմտյան Իլինոյսում մեծ հողակտորների հետ կապված շահութաբեր մի գործ։ Ամեն ինչի մասին ծանր ու թեթև արեցինք հյուրանոցի մուտքի աստիճանների մոտ։ Զավակասիրությունը, ասացինք, ավելի վառ է արտահայտվում կիսագյուղական համայնքներում։ Այդ և մի քանի այլ պատճառներով երեխա փախցնելու ծրագիրն ավելի հեշտությամբ պետք է իրագործվեր այստեղ, քան թերթեր հրատարակող շրջաններում, որոնք գունագեղ շորերով իրենց թղթակիցներին այս ու այն կողմ են ուղարկում՝ նման բաների մասին հարցուփորձ անելու։ Մենք գիտեինք, որ այդ փոքրիկ քաղաքը մեզ գտնելու համար ոստիկաններից ավելի հզոր ոչինչ չէր կարող գործի դնել, դե, թերևս, մի քանի ալարկոտ խուզարկու շուն ու մեկ֊երկու վարկաբեկիչ հոդված «Ֆերմերի շաբաթական բյուջեն» պարբերականում։ Այնպես որ հոյակապ միտք էր։

Առևանգման զոհ ընտրեցինք քաղաքում մեծ հարգանք վայելող Էբենեզեր Դորսեթ անունով մի քաղաքացու մինուճար որդուն։ Հայրիկը բարեկիրթ, հնարամիտ ու խստաբարո մարդ էր, եկեղեցական նվիրատվությունների անկաշառ գանձապահ, գրավաթղթերի մեծ գիտակ։ Փոքրիկը տասը տարեկան էր, դեմքը ուռուցիկ պեպեններով ծածկված, իսկ մազերը ճիշտ ու ճիշտ այն ամսագրի կազմի գույնին, որը դուք գնում եք կրպակից, երբ գնացքի եք սպասում։ Ես ու Բիլլը ենթադրում էինք, որ Էբենեզերը ուղղակի պարելով կտա պահանջվող փրկագինը՝ երկու հազար դոլար և ոչ մի ցենտ պակաս։ Բայց սպասեք, ես ամեն ինչ սկզբից կպատմեմ։

«Երկնաքերից» երկու մղոն այն կողմ ոչ բարձր մի սար կար՝ ծածկված մայրիների խիտ թավուտներով, իսկ սարի ետևի կողմում՝ մի քարանձավ, որտեղ պահում էինք մեր մթերքը։

Մի երեկո, արևամուտին, եկտեղանոց մի կառքով անցնում էինք ծերուկ Դորսեթի տան մոտով։ Փոքրիկը քարեր էր նետում դիմացի ցանկապատին նստած կատվի ձագուկի վրա։

— Է՜յ, մանչո՜ւկ,— ասում է Բիլլը,— ուզո՞ւմ ես մի մեծ փաթեթ քաղցրավենիք ստանալ ու զբոսնել այս կառքով։

Տղան աղյուսի կտորով մի դիպուկ հարված է հասցնում Բիլլի աչքին։

— Սա ծերուկի վրա հավելյալ հինգ հարյուր դոլար կնստի,— ասում է Բիլլը և անիվի վրայով մագլցում դեպի կառքը։

Հետո փոքրիկը սկսեց կռվել, կարծես միջին քաշային դարչնագույն արջ լիներ, բայց վերջապես նրան ներս խցկեցինք կառքի ներքևի մասը և շարժվեցինք։

Մենք նրան քարանձավ տարանք։ Ես ձին կապեցի մայրուտում։ Երբ մութն ընկավ, կառքը տարա մի փոքրիկ գյուղ, երեք մղոն այն կողմ, որտեղից մենք այն վարձել էինք, և ոտքով ետ դարձա։

Բիլլն իր դեմքի չանգռված ու արնակալված մասերին կպչուն սպեղանի էր դնում։ Քարանձավի մուտքի մոտ, ժայռաբեկորի ետևում կրակ էր վառվում, իսկ տղան իր կարմրաշեկ մազերի մեջ բազեի պոչի փետուրներ խրած ուշի֊ուշով նայում էր եռացող սրճեփին։ Ես մոտենում եմ, իսկ նա իր ձեռքի փայտը վեր է բարձրացնում ու ասում.

— Է՛յ, դո՛ւ, անիծյալ դժգույն մռո՛ւթ, ինչպե՞ս ես համարձակվում ներս մտնել Կարմրամորթ Առաջնորդի՝ այս տափաստանների ահ ու սարսափի ճամբարը։

— Հիմա դեռ լա՜վ է, — ասում է Բիլլը՝ սրունքների վնասվածքները զննելու համար վեր բարձրացնելով տաբատը։— Մենք հնդկացի֊հնդկացի էինք խաղում։ Բուֆֆալո Բիլլի կրկեսային ներկայացումը մեր արածի համեմատությամբ պարզապես պաղեստինյան քաղաքապետարանում կատարվող տեսարաններ են՝ մոգական լապտերի մեջ։ Ես թակարդներ դնող ծերուկ Հենկն եմ՝ Կարմրամորթ Առաջնորդի գերին։ Լուսաբացին գլխիս մաշկը պետք է հանեն։ Սո՛ւրբ նահատակնե՜ր։ Եվ ինչ ծանր հարված ունի այդ թզուկը։

Այո՛, պարոն, այդ տղան ակներևաբար հաճույք էր քաղում կյանքի յուրաքանչյուր ակնթարթից։ Ճամբարը, որ տեղ էր գտել քարանձավում, հրապուրել էր նրան, ու ջնջել հիշողությունից այն, որ հենց ինքն էր գերին։ Օձի աչք ու Լրտես հորջորջեց նա ինձ իսկույնևեթ ու հայտարարեց, որ երբ իր զինվորները վերադառնան ռազմարշավից, ինձ ողջ֊ողջ կխորովեն լուսաբացին՝ ճթճթացող խարույկի վրա։

Հետո մենք ընթրեցինք։ Որքան հնարավոր էր, խոզի ապխտած միս, հաց, մեկ էլ հյութ լցրեց բերանն ու սկսեց խոսել։ Ընթրիքի սկզբից մինչև վերջ մոտավորապես այսպիսի մի ճառ արտասանեց.

— Ինձ դուր է գալիս այս ամենը։ Ես ոչ մի անգամ դեռ չէի քնել դրսում։ Ես վարժեցրած պարկամուկ ունեի, իսկ անցյալ տարի՝ ծննդյան օրը դարձա ինը տարեկան։ Ես ատում եմ դպրոցը։ Առնետները խժռեցին մորաքույր Ջիմմի Տալբոտի չալպտուրիկ հավերի ձվերը։ Տասնվեց հատ։ Այս անտառներում իսկական հնդկացիներ կա՞ն։ Ինձ մի քիչ էլ հյութ տվեք։ Ծառերի շարժվելո՞ւց է քամի լինում։ Մենք հինգ հատ շան ձագ ունեինք։ Այդ ինչի՜ց է քո քիթն այդպես կարմիր, Հենկ։ Հայրս կույտերով փող ունի։ Աստղերը տա՞ք են։ Շաբաթ օրը Էդ Ուոլքերին դնքսեցի երկու անգամ։ Ցուլը ձայն հանո՞ւմ է։ Ինչո՞ւ են նարինջները կլոր։ Այս քարանձավում մահճակալներ ունե՞ք, որ կարգին քնենք։ Ամոս Մյուրեյը ամեն ոտին վեց մատ ունի։ Թութակը կարողանում է խոսել, իսկ կապիկն ու ձուկը՝ ոչ։ Ինչի՞ն ինչ գումարենք, որ լինի տասներկու։

Հինգ րոպեն մեկ կհիշեցներ, որ ինքը սարսափազդու կարմրամորթ է, հետո կվերցներ իր փայտը, որը նրա համար որպես հրացան էր ծառայում, մատների ծայրերի վրա կգնար դեպի քարանձավի մուտքը, որպեսզի բռներ գարշելի սպիտակամորթ լրտեսներին։ Ժամանակ առ ժամանակ, իբրև հարձակման ազդանշան, մի այնպիսի ճիչ էր արձակում, որ թակարդներ դնող ծերուկ Հենկը ցնցվում էր ամբողջ մարմնով։ Այդ տղան հենց սկզբից էր սահմռկեցրել Բիլլին։

— Կարմրամորթ Առաջնորդ,— ասում եմ տղային,— ուզո՞ւմ ես տուն գնալ։

— Ա՜հ, շատ պե՜տքս է։ Տխուր է այնտեղ։ Դպրոցն էլ տանել չեմ կարողանում։ Իսկ այստեղ ինձ դուր է գալիս։ Դու ինձ տուն չես տանի, չէ՞, Օձի աչք։

— Դեռ ոչ,— ասում եմ։— Մենք դեռ մի քիչ կմնանք այս քարանձավում։

— Ա՛յ թե լավ բան կլինի,— ասում է նա։— Ես իմ ամբողջ կյանքում այսքան չէի ուրախացել։

Առաջադրանքներ 

1. Բացատրի՛ր մգեցված բառերը բառարանի օգնությամբ։ հղանալ-մի միտք ծնել, անտարակույս-Անկասկած, ռամիկ-գյուղացի, կապիտալ-Մեծ քանակությամբ փող, շահութաբեր-Շահույթ՝ օգուտ բերող:, Զավակասիրությունը– Որդեսիրություն, մինուճար-Ծնողների միակ զավակը հանդիսացող:, քարանձավ-Ժայռի մեջ գտնվող անձավ, քարայր:, դնքսել– Բռունցքներով ծեծել:

2. Բացատրի՛ր «ժամանակավոր խելացնորության պահին» արտահայտությունը։ 

ժամանակավոր խելացնորության պահ- Ոչ խելամիտ, երկար չմտածված, հույզերի վրա հիմնված որոշում,:

3. Դուրս գրի՛ր քաղաքի բնակիչներին նկարագրող հատվածը։ Այդ քաղաքում ապրում էին անմեղ ռամիկներ և այնպես գոհ էին ամեն ինչից, կարծես միշտ համախմբված լինեին մայիսյան սյան շուրջը։

4. Ինչպես վերաբերվեց տղան իր առևանգամն փաստին։ – Տղան բացարձակ չվախեցավ առևանգողներից և սկսեց անկարգություններ անել:

Write a comment

Skip to toolbar