Եղնիկը

0

Posted by davitkhahramanyan | Posted in Մայրենի | Posted on 27.11.2023

    Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…

    Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…

    Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

    Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…

    Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…

    Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Ե վ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

    Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:

    Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:

    Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…

    Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

խավար– բացարձակ մթություն:

շառաչուն -շառաչյուն արձակող

նազելի-Գեղեցիկ ու քնքուշ շարժումներով

ոստում-ցատկ

սարսուռ-դող

խորասույզ-Խորաթափանց

ապրում-Զգացում

լիակուրծք-Լիաթոք

աղմկահույզ-Աղմկալի, աղմկալիր

հողմածեծ – Հողմից ծեծված, հողմակոծ

2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Չի կարելի վայրի կենդանիներին իրենց հարազատներից բաժանել, իրենց ընտանիքներից կտրել։ Նրանք միշտ ձգտելու են ազատության:

Write a comment

Skip to toolbar